Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Հանդիպում ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում

Dec 9, 2025

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչության անասնաբուժության և անասնաբուծության ավագ փորձագետ, դոկտոր Էրան Ռազմանիի, ինչպես նաև FAO Իտալիայի գրասենյակի Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի կենդանիների առողջության ծառայության համակարգող Սյուզան Մյունստերմանի և ծրագրի ղեկավար Զարուհի Բեգլարյանի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում մանրի ժանտախտի (PPR) վերացման ծրագրի ընթացիկ փուլը, գործընկեր կառույցների միջև աշխատանքների համակարգման մեխանիզմները և առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզի իրականացումը։ Քննարկվել են նաև ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան մոնիթորինգի, վերահսկողության և լաբորատոր ախտորոշման բարելավման միջոցառումները։

Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով կենդանիների առողջության պահպանման, ախտորոշիչ կարողությունների ամրապնդման և համակարգերի կատարելագործման ուղղությամբ վերջին ամիսներին արձանագրված առաջընթացը։ Նա նշել է, որ ՊՈԱԿ-ը շարունակում է սերտ համագործակցությունը FAO-ի հետ՝ ապահովելու ծրագրի հաջող իրականացումը և միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը, որի կարևոր քայլերից է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացումը:

FAO-յի փորձագետների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մոնիթորինգի, առաջնային օղակի անասնաբույժների կարողությունների բարձրացման, ռիսկերի գնահատման մեթոդաբանության կատարելագործման և վարակների վաղ հայտնաբերման մեխանիզմների ամրապնդման ուղղություններով։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «ԳԾԿ» ՊՈԱԿ-ի անասնաբուժության և համարակալման բաժնի պետ Հովհաննես Մկրտչյանը, ովքեր ներկայացրել են լաբորատոր հզորությունների զարգազման, դաշտային տվյալների հավաքագրման և թվայնացման գործընթացների ներկա վիճակը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ և համակարգված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի՝ մանրի ժանտախտից ազատ երկրի կարգավիճակ ստանալու գործընթացի արագ, փուլային և գիտականորեն հիմնավորված իրականացմանը։ Կողմերի համոզմամբ՝ այդ կարգավիճակի ձեռքբերումը ոչ միայն կնպաստի կենդանիների առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը, այլև էականորեն կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկաներում՝ հնարավորություն ստեղծելով ընդլայնելու արտահանման ծավալները, բացելու նոր ուղղություններ և ամրապնդելու երկրի դիրքերը առևտրի ոլորտում։