2025 թվականի հունիսի 24-26-ը գիտական կենտրոնի աշխատակից Սաթենիկ Խառատյանը մասնակցել է Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ, WOAH) կողմից՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վայրի բնության ազգային համակարգողների համար։ Աշխատաժողովին մասնակցում էին 53 երկրների ներկայացուցիչներ Եվրոպայից և Ասիայից, ինչպես նաև ԿԱՀԿ-ի և ՊԳԿ-ի (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) ոլորտային փորձագետներ։ Միջոցառման նպատակն էր հիմք ստեղծել և ամրապնդել համագործակցությունը մասնակցող երկրների միջև՝ վայրի բնության առողջության պահպանման ուղղությամբ։ Տեսական դասընթացների ընթացքում ներկայացվեցին վայրի կենդանիների առողջության վերահսկման արդյունավետ մեխանիզմները, հիվանդությունների բռնկումներին արագ արձագանքման լավագույն փորձերը, ինչպես նաև ընդգծվեցին առկա մարտահրավերները։ Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները վերհանեցին տարածաշրջանային համագործակցության ներկայիս բացերը, որոնք ամփոփվել և փաստագրվել են հետագա քննարկումների համար։ Առաջարկվող լուծումներն իրենց հերթին կքննարկվեն WOAH SRR-Brussels-ի համակարգմամբ կայանալիք առցանց հանդիպումների ժամանակ։


