2025 թվականի օգոստոսի 18–20-ը Երևանում կայացավ եռօրյա աշխատաժողով, որը նվիրված էր կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը և այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը։ Աշխատաժողովը միավորեց պետական պաշտոնյաների, անասնաբուժական փորձագետների, ֆերմերային կազմակերպությունների և միջազգային գործընկերների՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով առաջ մղել Հայաստանի ազգային անասնաբուժական ռազմավարությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության դաբաղի վերահսկողության ծրագրի աջակցությամբ։ Մասնակիցների թվում էին նաև Գիտական կենտրոնի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, շճաբանության և մոլեկուլային կենսաբանության բաժնի աշխատակիցներ Սաթենիկ Խառատյանը և Տիգրանուհի Վարդանյանը։ Քննարկումների ընթացքում առանձնացվեցին դաբաղի դեմ պայքարի ռազմավարության բացերը, վերլուծվեցին վիրուսի ներթափանցման և տարածման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև առաջարկվեցին նպատակային միջոցառումների մշակման ուղիներ՝ այդ ռիսկերը նվազեցնելու համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը, ինչը կարևոր նախադրյալ է կայուն և արդյունավետ ռազմավարության իրականացման համար։




